Տոկաևն առաջարկել է Ղազախստանում մզկիթների փոխարեն գրադարաններ կառուցել
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել գրադարանների կառուցմանը՝ մզկիթների շինարարության փոխարեն։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 26-ին Մոսկվայում՝ արհեստական բանականության վերաբերյալ AI Journey միջազգային համաժողովի շրջանակում դպրոցականների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Ժամանակին մեզ մոտ մզկիթներ կառուցելու մոդա էր, իսկ ես կարծում եմ, որ պետք է գրադարաններ կառուցել», — ասել է Տոկաևը։
Նախագահը նշել է, որ առաջիկայում Աստանայում և Ալմաթիում նախատեսվում է բացել նախագահական գրադարաններ, որոնք այցելուների համար հասանելի կլինեն շուրջօրյա։ Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է երիտասարդների շրջանում ընթերցանության մշակույթի զարգացումը։
Տոկաևն ընդգծել է, որ արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում գրքերը չեն կորցնում իրենց նշանակությունը։ Նա հիշեցրել է Ղազախստանում իրականացվող «Ընթերցող ազգ» նախաձեռնության մասին՝ նշելով, որ քննադատական մտածողությունը հնարավոր չէ զարգացնել միայն թվային տեխնոլոգիաների միջոցով։
Որպես օրինակ՝ նա պատմել է ChatGPT-ի հետ անցկացված փորձի մասին․ արհեստական բանականությանը խնդրել են ամփոփել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը, ինչի արդյունքում ստացել են ընդամենը 25 էջանոց համառոտագիր՝ 600 էջանոց ստեղծագործության փոխարեն։ Տոկաևը նման մոտեցումն անվանել է վտանգավոր պարզեցում՝ ընդգծելով, որ ընթերցանությունը շարունակում է մնալ ինքնուրույն մտածողության կարևոր հիմք։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար