Վերաբացվեցին Պրոբացիայի ծառայության Աբովյանի և Աշտարակի մարզային մարմինների գրասենյակները
Բլոգոսֆերա«Լեհական օգնություն» ծրագրի շրջանակներում Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Աբովյանի մարզային մարմնի գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Պրոբացիայի ծառայության Աբովյանի և Աշտարակի մարզային մարմինների գրասենյակների վերաբացման արարողությունը։
«Հայաստանում պրոբացիայի ծառայություն մատուցող հաստատությունների պայմանների բարելավում» ծրագրի շրջանակում «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ, իրականացրեց վերանորոգման և վերակառուցման ծրագիր, որը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակներում։
Ծրագրի ընթացքում կապիտալ վերանորոգվեցին Պրոբացիայի պետական ծառայության Աբովյանի և Աշտարակի գրասենյակները, ստեղծվեցին վերականգնողական ծրագրերի տարածքներ, շահառուների հետ անհատական հոգեբանական աշխատանքների համար նախատեսված առանձին սենյակ:
Ծրագրի փակման արարողությանը ներկա էին ՀՀ -ում Լեհաստանի Հանրապետության առաջին խորհրդական պրն․ Քշիշտոֆ Բարտչակը, «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, ՀՀ Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, Պրոբացիայի պետական ծառայության տնօրեն Գևորգ Սիմոնյանը և այլոք:
Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի Պրոբացիայի ծառայության շուրջ 350 շահառուների վերաինտեգրմանը հասարակություն, նպաստել վերականգնողական և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը` դրանով իսկ բարձրացնելով շահառուների հմտություններն ու կարողությունները և նվազեցնելով կրկնահանցագործության ռիսկը: