«Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը»
Գիտություն և ՄշակույթԴատարկ բեմի կենտրոնում մի տղամարդ կա ծնկաչոք, ոտաբոբիկ, մարմինը ծածկված ցնցոտիներով, ողողված լույսի մի հզոր ճառագայթով, որի աղբյուրը վերեւում է, ասես երկնքից իջնի: Շուրջբոլորը սեւ է, անթափանց խավար: Նա ձեռքերը միացրել է իրար, աղաչա՞նք է դա, թե՞ պատրաստվում է աղոթել: Աղերսագին հայացքը հառել է վեր, դեպի լույսի աղբյուրը:
Այո, Տեր, ես մեղավոր եմ, ես իսկապես հանցագործ եմ, ավելին՝ ոճրագործ, եղեռնագործ... Այո, կասեմ, չեմ վարանի... Ես զազրելի, եղկելի, եպերելի, նողկալի, պժգալի, քստմնելի արարած եմ... Այդ էլ կասեմ... Ես վիժվածք եմ, հրեշ, ճիվաղ, գարշանք... Մի խոսքով, կատարյալ այլանդակություն... Դարձյալ քի՞չ է... Այո, ես կեղտ եմ, ապականության մարմնավորում, ոջիլ, աղտեղություն, թրիք, շան կղկղանք... Դարձյա՞լ, Տեր... Ասում ես, թե այդ բառերով իմ բուն էության մի մա՞սն է արտահայտվում լոկ... Իրավացի ես, Տեր... Այդ դեպքում թույլ տուր մի բառով ասել ու վերջացնել... Ոչ, ոչ, Տեր, ես նպատակ չունեմ որեւէ բան մեղմելու, եւ ինչպե՞ս կարող եմ Քո ամենատես աչքի առջեւ... Մի բառ՝ կարճ ու հատու, ընդամենը երկու վանկ, եւ ամեն ինչ ասված կլինի. ես տականք եմ, իսկական տականք, ահա թե ով եմ ես: (Գոհ ժպտում է): Հապա ի՞նչ էի ասում...
Մթություն: Տղամարդը խավարի մեջ դեսուդեն է ընկել: Հուսահատ եւ անկանոն վազք է, ասես ելք է փնտրում, լավ իմանալով, որ չի գտնելու: Լույսի մի թույլ շող է հայտնվում: Նա կանգնել է կիսախավարի մեջ:
Բայց, ընդունիր, Տեր, որ ես այդպիսին չեմ եղել իմ ամբողջ կյանքում.... Ես մաքուր եմ եղել, ազնիվ, այլասեր... Եվ նույնիսկ... Չես հավատա... Նույնիսկ պատրաստ եմ եղել իմ անձը զոհել հանուն վեհ գաղափարի... Դու պիտի հիշես այդ տարիները... Տասնհինգ-տասնվեց տարեկան պատանիներ էինք, դասերից փախչում գնում էինք քաղաքից հեռու՝ անտառում, ձորակների մեջ զինավարժություններ անելու, հայրենասիրական երգեր երգելու... Մի՞թե չես հիշում... Մահապարտների խումբ էինք ստեղծել, կանոնադրություն մշակել, երդում տվել, որ մեր կյանքի գնով պիտի հայրենիքն ազատագրենք...
Ասում ես՝ մանկական խաղեր էի՞ն... Այո, գուցե, բայց ես անկեղծ էի, ազնիվ զգացմունքներով լի... Օ՜, իմ կյանքի լավագույն օրերն էին դրանք...
(Պոռթկալով, հիստերիկ): Սո՛ւտ է, ես չեմ մատնել...
Խայթվածի պես ցնցվում է, ծնկի իջնում:
Օ՜, ներողամիտ եղիր, Տեր... Ուզում եմ ասել, որ քեզ սուտ լուրեր են հասցրել... Այլ խոսքով, զրպարտել են ինձ... Իհարկե, իհարկե, դու ինքդ ես տեսնում մեր բոլորի գործերը... Արդ, մի՞թե չտեսար, Տեր, որ ես իմ միամտության, դյուրահավատության, ավելի շուտ իմ պարծենկոտության զոհը դարձա... Պարզապես ցանկացա այդ աղջկան դուր գալ, ավելի անկեղծ ասած՝ գլուխ գովալ... Ոչ, ոչ, ես չգիտեի, որ նրա հայրը օրգանի աշխատող է... Ուրեմն, ասում ես՝ գիտեի եւ միտումնավոր էի պատմո՞ւմ... Հաջորդ օրվա արշավին ես չգնացի, որովհետեւ հիվանդ էի... Ճիշտ է, ես դուրս եկա բակ, բայց ոչ թե խաղալու, այլ որպեսզի մաքուր օդ շնչեմ... Հայրս պնդեց... Իբր մաքուր օդն օգտակար է գրիպը բուժելու համար...
Այդ էլ գիտե՞ս, Տեր... Ուրեմն, իսկապես, քեզնից ոչինչ չի լինի թաքցնել...
Հետո՞... Ես մոռացել եմ, թե հետո ինչ եղավ... Անկեղծորեն, իսպառ մոռացել եմ... Սակայն հիշում եմ, որ ոչ մեկը չտուժեց, չաքսորվեց, բանտ չնստեց... Պարզապես մի երկու հոգու հեռացրին դպրոցից... Ընդամենը այդքանը... Ինձ ինչու չհեռացրի՞ն... Դե, ասացի, ես այդ օրը հիվանդ էի... Եվ այնուամենայնիվ դա համարում ես մատնությո՞ւն... Շա՜տ խիստ ես, Տեր իմ, անողոք... Նույնիսկ մեղա եկա՞... Այն էլ կոմերիտական ժողովո՞ւմ... Դատապարտեցի իմ զինակից ընկերների՞ն... Այդպիսի բան չեմ հիշում, Տեր... Անկեղծորեն եմ ասում... Մի՞թե այդ աստիճան կարող էի ստոր լինել...
(Անսպասելի ուրախած): Հա՞, ասում ես՝ անկեղծ խոստովանությունը կթեթեւացնի՞ պատիժը... Այսինքն՝ մեր դատարանների նման եք աշխատում... Որ այդպես է, կջանամ իսկապես անկեղծ լինել, ինչպես ասում են՝ համագործակցել, եւ հուսամ որպես հատուցում Դրախտի ամենաանշուք, ամենահամեստ, ամենաաննկատ անկյուններից մեկը կտաս ինձ... Հետո կերեւա՞... Ես իսկապես անկեղծ կլինեմ, Տեր, ոչինչ չեմ թաքցնի, մանավանդ որ հիշողությունս կարծես թարմացավ... Այո, բոլոր մանրամասներն աչքիս առջեւ են, միայն թե, Տեր, մեր երկրային դատարանների պես չանեք, երբ ամեն ինչ անկեղծորեն խոստովանում ես, բայց պատիժդ չի թեթեւանում... Որովհետեւ ինձ նմաններն են դատավոր կարգվա՞ծ... Իրավացի ես, Տեր, ինձնից ավելի վատերը...
Ուրեմն, այսպես, այդ իրադարձությունը հանգուցային եղավ ամբողջ կյանքիս համար, եւ որ հիմա ես այստեղ եմ՝ քո Ահեղ Դատաստանի առջեւ, պատճառը գուցե հենց այդ չարաբաստիկ... Դու պահանջում ես, որ երեւույթներն իրենց անունով կոչե՞մ... Այո, սիրով, չէ՞ որ ես ինքս մեկ բառով որոշեցի, թե ով եմ ես՝ իսկական տականք... Դա ե՞ւս հաշվի կառնվի... Օ, ի՜նչ մեծահոգի ես, Տեր, բարեգութ եւ ամենողորմ...
Արդ, այդ չարաբաստիկ մատնությունը վճռորոշ դարձավ հետագա կյանքիս համար... Օրինակ՝ ես երբեք չեմ փայլել ուշիմությամբ եւ ջանասիրությամբ... Ես սովորական աշակերտ էի՝ ոչ շատ լավ, ոչ շատ վատ, մի խոսքով, միջակ... Այո, կատարյալ միջակություն, բայց այդ դեպքերից հետո իմ գնահատականները բարձրացան, ես գրեթե գերազանցիկ դարձա... Ճիշտ է, պատմության ուսուցիչը շարունակում էր երեք եւ նույնիսկ երկուս նշանակել, եւ ես հասկանում էի, թե ինչու... Նա չէր սիրում ինձ եւ իր արհամարհանքը չէր թաքցնում... Եվ գիտե՞ս ինչն էր ցավալին. պատմությունը միակ առարկան էր, որը սիրում էի...
Դու լավ գիտես, Տեր, որ ես նրա հախից եկա... Իմ սովորական խնդրանքը բավական եղավ, որպեսզի նրան հանրամատչելի լեզվով բացատրեն, թե ինչն ինչոց է... Եվ ըստ երեւույթին համը մի քիչ հանել էին... Պարզ ասած, ես ստորացրել էի այդ պատկառելի ծերունուն, որը դեռեւս հեղափոխությունից առաջ ուսում էր ստացել Գերմանիայում... Նա 37 թվական էր տեսել... Ճիշտ է՝ ժամանակները փոխվել էին, բայց ծերուկը լավ գիտեր, որ օրգանների հետ կատակ անել չի կարելի... Ուստի նա էլ սկսեց մյուս ուսուցիչների նման ինձ բարձր գնահատականներ դնել...
Սակայն դա չէր կարեւորը... Ես հասկացա, որ ես՝ լակոտս, իմ ամբողջ ոչնչությամբ հանդերձ, ուժ եմ ներկայացնում... Ճիշտ է, այդ ուժը ուղղակիորեն ինձնից չէր գալիս, այլ անմատչելի, աներեւույթ մի տեղից, բայց հենց դրանով էր ազդեցիկ ու խորհրդավոր... Եվ ես սիրեցի այդ ուժը, ես հասկացա, որ պետք է ավելի մոտենամ նրան, նրա բացառիկ արտոնյալը դառնամ... Միաժամանակ ես սկսեցի հասկանալ, որ երկար ճամփա ունեմ անցնելու, որպեսզի կարողանամ ավելի ազատ, ուզածիս չափ օգտվել այդ ուժից...
շարունակելի
Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ