«Մեր դեմ խաղ չկա...». Ալեքսանդր Թոփչյան
Գիտություն և ՄշակույթՀայ գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ Ավարտել է ԵՊՀ (1962):1963-65 -ին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1966-75-ին՝ «Գարուն» ամսագրում, 1975-88-ին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-89-ին՝ ԳԱԹ-ում, 1991-95-ին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։ Հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շադեռլո դը Լակլոյի, Ապոլիների,Պրեվերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի և այլոց գործերը։ Հրատարակել է մոտ 500 գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Որպես գլխավոր խմբագրիչ և հրատարակության վարիչ, Թոփչյանի գործունեության շնորհիվ հրատարակվել են Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի,Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։ Ալեքսանդր Թոփչյանի հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր։
Ձեզ ենք ներկայացնում նրա «Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը» մոնոդրաման /սկիզբը` «Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը»:
Օ, ինչե՜ր էին անցնում իմ մտքով, ինչպիսի՜ քաղցր երազանքներ էի փայփայում... Բայց արբեցումն անցնում էր արագ եւ ես հայտնվում էի նորից իմ անշուք գոյության մեջ, որն ինձ ասում էր դաժանորեն, թե ով եմ ես... Այո, Տեր, ես հստակորեն գիտակցում էի, որ ընդամենը մի ողորմելի արարած եմ, եւ հենց դա էր ինձ մղում նոր ստորություններ անելու, քիթս ամեն տեղ խոթելու... Եվ ինձնից գոհ էին, խրախուսում էին, նվերներ տալիս...
Ես արդեն տասնյոթ տարեկան էի: Բարեհաջող ավարտեցի դպրոցը եւ, ինչպես որ սպասվում էր, հեշտությամբ ընդունվեցի համալսարանի պատմագիտական բաժինը... Ահա այստեղ էր, որ բուռն գործունեություն ծավալեցի... Հանձնարարությունները հիմնականում հետեւյալն էին. ես պետք է աշխատեի ոչ մի բանով աչքի չընկնել, ավելի շատ պիտի լսեի, քան խոսեի, իսկ խոսելու դեպքում պիտի աշխատեի զրույց հարուցել մեզ հետաքրքրող նյութի շուրջ... Այո, «մեզ»... Եվ քանի որ «մեզ» հետաքրքրում էր ամեն ինչ, ապա կարող ես պատկերացնել, թե որքան շատ էր «մեր» գործը...
Ես պետք է լրտեսեի իմ ուսանող ընկերներին, դասախոսներին, հարեւաններին, իմ հեռավոր ու մոտիկ ծանոթներին եւ անգամ ազգականներին... Միայն հորս ու մորս մասին մատնագիր չստորագրեցի, սակայն իմ շրջապատում գտնվող գրեթե բոլորը դարձան իմ ախտագին հետաքրքրասիրության առարկան... Ոմանց մասին նույնիսկ մի քանի անգամ գրեցի...
Օ՜, ես հսկայական մի ժառանգություն եմ թողել նրանց արխիվներում... Եվ ի՜նչ փառահեղ էջեր կան այնտեղ... Այո, այո, Տեր, ես հոգի եմ դրել այդ գործի մեջ, ոճ մշակել, նախադասություններ հղկել, բառեր զատել... Ինչպիսի՜ լեզու էր, ինչպիսի՜ նրբին դիվանագիտություն, երկիմաստության ինչպիսի՜ խաղեր, էպիտետների ինչպիսի՜ առատություն...
Դա քեզ զարմացնո՞ւմ է, Տեր... Նույնիսկ վրդովմունք պատճառո՞ւմ... Բայց դա իմ ստեղծագործությունն էր, իմ արարումը, վերջապես իմ պայքարը... Օ՜, եթե մի հրաշքով այդ բոլոր էջերը վեպեր, պատմվածքներ ու բանաստեղծություններ դառնային, հիմա ես Շեքսպիրի, Գյոթեի եւ Հյուգոյի փառքը կունենայի... Բայց, ավա՜ղ, այդ ոսկի էջերն ընդմիշտ փակված են դժնի արխիվներում եւ ամենաշատը երկու-երեք հոգու ուշադրությանն են արժանացել...
շարունակելի
Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ