Մի՞թե չէիր կարող ինձ արարել որպես մի ավարտուն, մի ամբողջական տականք ...
Գիտություն և ՄշակույթՍկիզբը` «Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը», «Մեր դեմ խաղ չկա...». Ալեքսանդր Թոփչյան»:
Տեր, ես զգում էի, որ իմ մեջ ձիրքեր ես դրել, եւ երազում էի ողբերգակ դերասան դառնալ կամ մեծ բանաստեղծ, ազգի ցավերի երգիչ... Չէ՞ որ ես հայրենասեր էի... Չէ՞ որ վսեմ նպատակներ ունեի... Երբեմն-երբեմն, հոգու խորքում ամաչում էի ինքս ինձնից, որ այդպիսի ստոր գործով եմ զբաղված, եթե, իհարկե, դա կարելի էր գործ անվանել... Միաժամանակ գլուխ էր ցցում իմ ճղճիմ էությունը, որն ասում էր, թե կարող եմ ազդել կարեւոր մարդկանց ճակատագրերին, նրանց բախտը որոշել... Մանավանդ որ նոր ժամանակներ էին սկսվում ինձ համար...
Համալսարանն արդեն ավարտել էի, ինչպես միշտ` ոչ լավ, ոչ էլ վատ, միջակությունն ու անշուքությունն արդեն դարձել էին իմ ճակատագիրը, իմ անջնջելի խարանը... Ա՜խ, եթե մի բանով աչքի ընկնեի, գոնե մի քիչ փայլեի, հիմա ուրիշ ճակատագիր կունենայի... Ինչ որ է, դա չխանգարեց, որպեսզի առանց որեւէ դժվարության ասպիրանտուրա ընդունվեմ, ավելին` օգնեց, քանզի ինձ նման գորշությունների առջեւ կանաչ ճանապարհ էր բացված... Ես ոչ մեկի աչքը չէի ծակում, ոչ մեկին չէի խանգարում, չասած այն մասին, որ ինձ համար ինչպես պետք էր եւ որտեղից պետք էր միջնորդել էին...
Իմ հեղինակությունն արդեն բարձրացել էր նրանց աչքում, եւ ինձ նոր, ավելի կարեւոր հանձնարարություններ էին տալիս... Չնայած երիտասարդ տարիքիս, ես արդեն հայրենասերի, ազատախոհ մտավորականի համբավ ունեի, քչից-շատից գրում էի, նույնիսկ մամուլում մի քանի անգամ հանդես եկա այսպես ասած համարձակ հոդվածներով... Եվ այս ամենն ինձ օգնեց, որպեսզի գրողների եւ արվեստագետների շրջանակ թափանցեմ...
Սկզբում նրանց հետ հանդիպում էի սրճարաններում, խմում էի հետները, որպես հավասարը-հավասարի զրուցում կարեւոր նյութերի շուրջ, վիճում, կռվում, նույնիսկ գժտվում, հետո նորից բարեկամանում... Բոլորը սիրում էին ինձ, վստահում... Նրանց համար ես ազնիվ ու պարկեշտ մի երիտասարդ էի եւ, ամենակարեւորը` փայլուն ապագա ունեցող մի պատմաբան...
Հետո՞... Հետո` ի՞նչ... Հետո դիսերտացիայի պաշտպանություն եղավ, դարձա թեկնածու... Մի քանի տարի չանցած դարձա դոկտոր... Պատմագիտության մեջ որեւէ հեղաշրջում չարեցի եւ չէի էլ կարող անել... Ինձ նմաններով լցված էր գիտության ասպարեզը...
Տեր, դու լավ գիտես, թե որն է իմ դժբախտության հիմնական պատճառը... Ոչ մի բանում ամբողջական չեղա, կիսատ-պռատ մարդ էի... Ո՛չ լավն էի, ո՛չ` վատ, ոչ անտաղանդ, ոչ էլ տաղանդավոր, ո՛չ չար, ո՛չ` բարի, եւ վերջապես, ոչ պարկեշտ, ոչ էլ անպարկեշտ... Եթե մի լավ բան էի անում, մեջն անպայման մի կեղտ կար, իսկ ստորություն անելիս էլ ինչ-որ տեղ, ինչ-որ պահ խղճի խայթ էի զգում... Տեր, մի՞թե չէիր կարող ինձ արարել որպես մի ավարտուն, որպես մի ամբողջական տականք... Կամ թե գաղափարի անմնացորդ նվիրյալ դարձնեիր, որ մենակ ու անվեհեր քայլում է ընդդեմ բոլոր արհավիրքների... Ինչպե՞ս կարելի է միաժամանակ սատանային պաշտել եւ քեզ... Այո, հոգուս խորքում քո ներկայությունն էի զգում երբեմն, բայց գործով ծառայում էի սատանային...
շարունակելի
Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ