«Թղթախաղիս պարտքերը վճարելու համար սկսեցի կաշառք վերցնել»
Գիտություն և ՄշակույթՍկիզբը՝ «Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը», «Մեր դեմ խաղ չկա...». Ալեքսանդր Թոփչյան», «Մի՞թե չէիր կարող ինձ արարել որպես մի ավարտուն, մի ամբողջական տականք ...»:
Ես գիտեմ, որ մենք՝ խեղճ մահկանացուներս չարի եւ բարու մշտական պայքարի ասպարեզ ենք... Մի՞թե քո շնորհներին արժանանալու համար ամեն օր, ամեն ժամ պիտի փորձության ենթարկվենք... Ծանր է, Տեր, այդ պայքարը, մոլորություններն՝ անհատնում, սատանայի գայթակղություններն էլ անհաղթահարելի... Հիմա եմ հասկանում, թե ինչպիսի կորով ունեն սրբերը, որ կարողանում են հաղթական դուրս գալ այդ մշտական պայքարից... Մինչդեռ ես ամեն անգամ դժվարին ընտրության առջեւ կանգնելիս դյուրին լուծումներն էի ընտրում եւ հեռանում քեզնից...
Ես արդեն հակակրանքով էի նայում ինքս ինձ... Իմ ամեն մի ուրախության մեջ թույն կար խառնված, բայց ես ուժ չունեի դուրս գալու մեղքի կախարդական շրջանակից... Գոնե վերջնականապես լքեիր ինձ եւ իսպառ թողնեիր սատանայի քմահաճույքին... Ասում ես՝ երբեք չես լքում մարդուն...
Բայց դա դաժան է, Տեր... Առանց քեզ իմ կյանքն ավելի դյուրին կլիներ, սակայն դու ծվարել էիր իմ մեջ, հոգուս հեռավոր մի անկյունում, որպեսզի մշտական տառապանքների ճարակը դարձնեիր ինձ...
Եվ ես փորձեցի քեզ քշել իմ միջից կամ գոնե ձայնդ լռեցնել... Ես դիմեցի ստուգված միջոցին՝ խմիչքը, որին անմիջապես հաջորդեց թղթախաղը, իսկ դրանցից դեպի թմրամոլություն ընդամենը կես քայլ էր...
Ես գիտակցաբար եւ հետեւողականորեն ուծացնում էի ինձ, բթացնում եւ խլացնում, որպեսզի չլսեմ քո ձայնը... Դարձել էի եղկելի մի երեւույթ, կատարյալ մի խլյակ... Կինս հեռացավ՝ տանելով իր հետ երկու երեխաներին, ընկերներս երես թեքեցին... Գործի տեղը մի կերպ հանդուրժում էին ինձ...
Չնայած լավ էի վաստակում, սակայն սկսեցի դրամի պակասություն զգալ, պարտքերի մեջ խրվեցի, որպեսզի կարողանամ թղթախաղիս պարտքերը վճարել... Ելքը գտնվեց միանգամից. կաշառքը... Ես չեմ ասի, թե իմ ձեռքերը կատարելապես մաքուր էին... Արդեն առիթներ ունեցել էի կաշառք վերցնելու, սակայն դա պատահական բնույթ էր կրել... Երբեմն-երբեմն այս կամ այն գործարքի դիմաց վարձահատույց էին լինում... Դե, համալսարան է, գիտես... Մի խոսքով, կաշառքն ինքն էր գալիս իմ ոտքը, ներողություն, իմ ձեռքը, սակայն հիմա ընթացքը փոխվեց, եւ ես առիթը չէի փախցնում կաշառք վերցնելու, իսկ ավելի ճիշտ՝ բացահայտ դրամաշորթությամբ զբաղվելու...
Հասկանալի է, որ իմ հիմնական աղբյուրը ուսանողներն էին... Ես զզվանքով էի նայում այդ ստրկահոգի զանգվածին... Գոնե մեկն ընդվզեր, բողոքեր, չհամաձայներ... Ես այդպիսի ուսանողի ճակատը կհամբուրեի... Մի ամբողջ սերունդ կարողացել էինք ամորձատել... Եվ դրանք մեր ապագա մտավորականներն էին, դրանց միջից նաեւ նախարարներ, դեպուտատներ, պետական բարձր պաշտոնյաներ պիտի դուրս գային եւ ժողովրդի բախտը որոշեին...
Այդպիսով, կաշառքն ու դրամաշորթությունը դարձան իմ հիմնական զբաղմունքը... Եվ գնալով ավելի էի լկտիանում... Տարօրինակ է մարդկային հոգեբանությունը. որքան ավելի լպիրշ ես դառնում, այնքան ավելի են հանդուրժում քեզ, բայց բավական է մի պարկեշտ մարդ կյանքում մեկ անգամ սայթաքի, ողջ-ողջ կխորովեն նրան... Բոլորը հանդուրժում էին իմ ահագնացող, չափ ու սահմանն անցնող այլանդակությունները... Ես վերջնականապես տրվել էի ամենազազրելի մոլություններին... Հարբեցողությանը, խաղամոլությանը եւ թմրամոլությանը ավելացավ արվամոլությունը...
շարունակելի
Աղբյուրը՝ «Ազգ» օրաթերթ