Կարեն Կարապետյանը միայնակ չի ընդունել ուսանողներին
ԲլոգոսֆերաՎարչապետ Կարեն Կարապետյանի եւ դասադուլ անցկացնող ուսանողների միջեւ հանդիպմանը մասնակցում են նաեւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
«Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում են նաեւ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարները»,- գրել է վարչապետի մամուլի խոսնակը:
Դասադուլ անցկացնող ուսանողներն արդեն երեք օր է՝ իրենց դժգոհությունն են հայտնում տարկետումը վերացնող օրենքի դեմ: Ուսանողներն այսօր կառավարության դիմաց էին հավաքվել եւ պահանջում էին վարչապետից՝ կարծիք հայտնել ՊՆ-ի հեղինակած օրենքի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նրանց հրավիրեց քննարկման: Հինգ հոգուց բաղկացած խումբն այժմ կառավարությունում է: Քննարկումը դեռ չի ավարտվել: