Ջերմուկցիները բավարարված են կառավարության հետ հանդիպումից, բայց «գործիքները» պատրաստ կպահեն
ՏնտեսությունԻնչպես տեղեկացրել ենք, երեկ, ուշ երեկոյան, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ։ Այս մասին առաջին փոխվարչապետը գրել էր իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ բարձրացված հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում ստեղծվի խնդրով զբաղվող համապատասխան խումբ։
Հանիպման մանրամասները պարզելու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց բողոքի ակցիայի կազմակերպիչներից՝ Վազգեն Գալստյանի հետ. «Անձամբ ես՝ շատ բավարարված եմ՝ թե՛ կառավարության՝ հարցով զբաղվելու պատրաստակամությունից, թե՛ ձևավորվելիք հանձնաժողովից, և թե՛ ակնկալվող ստուգումներից։ Փոխվարչապետն ակնհայտ մտահոգված էր մեր խնդրով. հայտարարություն հնչեցրեց, որ հանքերի ստուգումները սկսելու են հենց Ամուլսարից։ Մենք հասկանում ենք, որ նոր իշխանություններն այս պահին ավելի լուրջ խնդիրներ ունեն․ մասնավորապես կառավարության ծրագրի ներկայացումը, որը սեղմ ժամկետներ էր պահանջում և, ինչպես Արարատ Միրզոյանը նշեց, չէին կարողանում օբյեկտիվ արձագանքել մեր խնդրին։ Ընդհանուր առմամբ, որոշեցինք տալ կառավարությանը անհրաժեշտ ժամանակ, որպեսզի կարողանա զբաղվել այս խնդրով և դադարեցրինք ակցիաները»,-ասաց Վազգեն Գալստյանը։
Մեր թղթակցի այն հարցին, որ եթե կառավարությունն անհրաժեշտ միջոցներ չձեռնարկի, ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը, ակտիվիստը պատասխանեց. «Մեզ խոստացել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ընթացք են տալու խնդրին, իսկ եթե ոչ՝ ճանապարհ փակելու մեր «գործիքները» մեզ հետ են, թեպետ կարծում ենք՝ դրա կարիքը չի լինելու. մենք հավատում ենք փոխվարչապետի խոսքին»։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ջերմուկցիները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով տեղանքում ընթացող Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքների դադարեցումը։ Տեղացիները լուրջ մարտահրավեր են տեսնում տուրիստական քաղաքի էկոհամակարգի դեմ։ Բողոքի ակցիաներն արտահայտվում էին հանք տանող ճանապարհները փակելով։ Երբեմն ցույցերը դադարում էին, երբ ակտիվիստները տեղեկություն էին ստանում, որ կստանան նոր իշխանությունների աջակցությունները, բայց, արձագանք չստանալով, նորից վերսկսվում էին։
Լիլիթ Հակոբյան