Դատախազությունն աղավաղում է. տնօրենը բերման չի ենթարկվել. Բարսեղ Բեգլարյան
ՔաղաքականՀՀ դատախազության՝ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենը: Նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ, Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Եվ սա այն դեպքում, երբ հաղորդագրությունը տարածել է ՀՀ գլխավոր դատախազությունը. «Դրանք աղավաղված բաներ են. ով է գրել, տեղյակ չեմ: Ես լրատվության դաշտից եմ լսել, որ բերման են ենթարկել «Ֆլեշ Մոտորս»-ի գործադիր տնօրենին: Ես զանգահարել եմ իրեն, հարցրել եմ՝ հարգելի գործադիր տնօրեն, քեզ բերմա՞ն են ենթարկել, ասել է՝ ոչ, պարոն Բեգլարյան: Ասում եմ՝ բա էդ ի՞նչ ինֆորմացիա է, ասում է՝ չգիտեմ: Ես այլ մանրամասներին տեղյակ չեմ»,- ասաց Բեգլարյանը:
Փաստորեն, իրավիճակն անհասկանալի է դառնում: Հարց է առաջանում, թե որ կողմն է ի վերջո փորձում մոլորեցնել հանրությանը՝ Բարսեղ Բեգլարյա՞նը, թե՞ Դատախազությունը: Հուսանք, առաջիկայում խնդրո առարկայի վերաբերյալ սպառիչ ինֆորմացիա կստանանք, այլապես ստացվում է, որ հաղորդագրություն է տարածվում մի բանի մասին, որի վերաբերյալ առանցքային դերակատարում ունեցող անձը տեղեկություն անգամ չունի, ինչն էլ տարակուսանքի տեղիք է տալիս:
Նկատենք, որ Բարսեղ Բեգլարյանն այն անձանցից է, ով սովորաբար խուսափում է շփվել լրագրողների հետ: Նա շատ հազվադեպ է պատասխանում այս կամ այն լրատվամիջոցի հարցերին և Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի կամ այլ հարցերի վերաբերյալ դժվար է նրանից որևէ մեկնաբանություն ստանալ: Նա խուսափում է հատկապես մեկնաբանություն տալ իր անվան շուրջ պտտվող խոսակցութունների վերաբերյալ:
Նշենք, որ երեկ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիոն տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Սոնա Հարությունյան