Շտապօգնության աշխատակիցները բոյկոտել են ժողովն ու պահանջներ առաջ քաշել. տնօրենը «որոշ չափով վիրավորված է»
ՀասարակությունՔիչ առաջ Երևանի շտապ բժշկական օգնության կենտրոնում տեղի ունեցավ աշխատակիցների բողոքի ակցիան՝ ընդդեմ տնօրեն Թագուհի Ստեփանյանի:
Աշխատակիցները նախօրոք պլանավորված ժողովի ժամանակ անակնկալի են բերել տնօրենին՝ բոյկոտելով ժողովը:
Աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում, ապահովագրություն, 24-ժամյա ռեժիմով աշխատանքին համարժեք վարձատրություն, ընդմիջման ժամերի տրամադրում, համապատասխան հագուստների խնդրի լուծում:
Տնօրեն Թագուհի Ստեփանյանը նախ խնդրեց մի քանի րոպե հանգիստ թողնել իրեն և որոշ բուժաշխատողների, այնուհետև ներս կանչեց նաև բողոքի ակցիայի հիմնական մասնակիցներին՝ սկզբում հեգնելով, թե չկա՞ որևէ «լիդեր» հավաքվածների մեջ, որ բողոքը տեղ հասցնի:
Բողոքի ակցիայի մասնակից աշխատակիցներից մեկը նշեց՝ 70 հազար դրամ ստանում է բժշկուհին, 100.000՝ վարորդը. «եթե դա կարող եք համարել աշխատավարձ, Ձեր գործն է արդեն»:
Գլխավոր հաշվապահ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ դեռևս 2011թ.-ին աշխատավարձերը կրկնակի բարձրացել են, ինչն իրենց հետևողական ջանքերի շնորհիվ է եղել: Ըստ հաշվապահի՝ իրենց կողմից տրամադրված աշխատավարձերը վերահսկվում են գերատեսչությունների կողմից, և հավելյալ բյուջե չկա աշխատավարձերը բարձրացնելու համար: Տեղից աշխատակիցներից մեկը շեշտեց, որ ի տարբերություն բժիշկների, իրենք աշխատում են 24 ժամ և առանց դադարի: Քննարկումն ընդհատելով, տնօրենը նկատեց, որ եթե այդպես է, ուրեմն կարող են 24-ժամյա ռեժիմը փոխել 12 ժամի ու էլի ստանան նույն աշխատավարձը:
«էս «նագրուզկան» մեզանից կամ նախարարությունից և/կամ քաղաքապետարանից չի կախված, մեր քաղաքացիների պահանջները պետք է կատարեն, մարդիկ կանչեր են անում»,- մանրամասնեց տնօրինուհին:
Աշխատակիցների այն դիտարկմանը, թե ցեխին, անձրևին, ձյանը, փոթորկին աշխատում են ու չեն գնահատվում, միլիոններով հավելավճարներ են ստանում շատ պաշտոնյաներ, տնօրեն Թագուհի Ստեփանյանը պատասխանեց. «Էդ ինչի՞ էն տարիներին ձեն չէիք հանում, երբ ոչ նորմալ լույս կար, ոչ նորմալ պայմաններ կային: Ինչ վերաբերում է հավելավճարներին, ես կարող եմ վստահեցնել, որ ես ոչ մի լումա չեմ պարգևատրվել: Ես որ ուզենայի՝ կգնայի մեկ այլ հաստատություն ու շատ լավ աշխատավարձով ու հանգիստ իմ համար կաշխատեի, չկասկածե՛ք դրանում»:
Մի շարք աշխատակիցներ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեցին, որ չեն թողնում այլ տեղերից գնել հագուստը. տնօրենը պարտադրում է գնել տեղում՝ 14 000 դրամով. «Տևական ժամանակ չեն բերում այդ հագուստից, մենք քրքրված հագուստով ենք շարունակում աշխատել, չի թողնում մի քիչ էժանով մեր ուզած տեղից գնենք»:
Վարորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում շեշտեց. «Մեքենայի հետ կապված ամեն ինչ վարորդի վրա է մնում. եթե խազվեց՝ վարորդն է սարքելու, եթե փչացավ՝ վարորդի վրա է կրկին ծախսերը: 24 ժամով աշխատում ենք ու չնչին գումար ենք ստանում»:
Մեր այն դիտարկմանը, թե վերջերս անընդհատ կրկնվող պատահարները շտապօգնության մեքենաների մասնակցությամբ՝ ինչի՞ հետևանքն են, վարորդները միաբերան պատասխանեցին, որ գերհոգնածության ու լարվածության հետևանքներ են դրանք:
Շտապ բժշկական օգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ իր հերթին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց. «Ես վերադասին կներկայացնեմ աշխատակիցների պահանջը: Ինչ վերաբերում է ֆորմաներին, ապա դա եղել է խորհրդային տարիներին, որը 2011թ.-ից հետո չի եղել: Ես որոշ չափով վիրավորված եմ, և եթե չլիներ այսքան տարիների ձեռբերումները, դուրս կգայի ու կգնայի: Փոխքաղաքապետից հանձնարարություն եմ ստացել նաև, որ եթե վարորդները լուսաձայներն ու ազդանշանները միացրած չլինեն, լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, կան բրիգադներ, որոնց մեքենաները բոլորը խփված են»:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ