Շտապ բժշկական օգնության տնօրենը «թաքուն» հանդիպում է կազմակերպել
ՀասարակությունԵրևանի շտապ բժշկական օգնության կենտրոնում օրերս բուժանձնակազմը բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, ապահովագրություն, 24-ժամյա ռեժիմով աշխատանքին համարժեք վարձատրություն, ընդմիջման ժամերի տրամադրում, համապատասխան հագուստների խնդրի լուծում: Աշխատակազմը բավականին վճռական է տրամադրված:
ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ այս պահին բուժկենտրոնում ժողով է ընթանում Երևանի փոխքաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի, բժշկական կենտրոնի աշխատակազմի և տնօրենի միջև: Ուշագրավ է այն, որ օրերս բողոքի ակցիա իրականացրած բուժանձնակազմից մեզ փոխանցեցին, որ այս հանդիպմանը ներկա են միայն այն բժիշկներն ու բուժքույրերը, որոնք տնօրենի հետ մտերիմ են և բողոքի ակցիայի ժամանակ իրենց շարքերում չեն եղել:
«Տնօրենը դիտավորյալ այն մարդկանց է ընտրել, որոնք չեն բողոքում ոչնչից և իր մտերիմներն են: Շատերը չգիտեն նույնիսկ այս հանդիպման մասին, և հենց նրանց միակ մտավախությունն այն է, որ մենք նորից մեր բողոքը կարտահայտեինք, այս անգամ արդեն՝ քաղաքապետարանի աշխատակիցների մոտ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեցին Երևանի շտապ բժշկական օգնության կենտրոնի աշխատակիցները:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ