Պարզվեց, թե ուր են գնում «կարմիր գծերից» ստացվող հասույթները
ՎերլուծականԵրևանի քաղաքապետարանը չի հերքում, որ կրճատվել են մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսված ծախսերը: Մասնավորապես, քաղաքապետի որոշմամբ կրճատել է մանկապարտեզների շենքերի վերանորոգման եւ հիմնանորոգման բյուջեն՝ 243 մլն դրամով, որից 236 մլն վճարել է մեկ անձով ձեռք բերված աղբատար մեքենաների համար։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ ԽաԺակյանը հայտարարել է, որ քաղաքապետարանում իմանալով, որ կա 30 մանկապարտեզների ֆինանսավորում, 2019 թվականի բյուջեի համար նախատեսել են մի գումար, որը մարտի 22-ին, ավագանու որոշմամբ, ավելի է մեծացվել, իսկ երբ որոշել են մեկ անձից աղբատար մեքենայի գնում կատարել, քաղաքապետը ավագանու որոշմամբ նախատեսված բյուջեն նվազեցրել է։
Բոլորս էլ կհիշենք, որ Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվելուց հետո շատ արագ մոռացավ նախկինում տված խոստումները: Մասնավորապես, խոստումը, որը վերաբերվում էր հայտնի կարմիր գծերին: Ընտրվելուց հետո քաղաքապետը հայտարարեց հետևյալը: «Կարմիր գծերի և այդ փարքինգների գումարները գնում են քաղաքային բյուջե, և ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով։ Դուք համաձա՞յն եք, որ այդ կարմիր գծերը հանենք, գումարները չհավաքենք և այդ գումարներով նախատեսված մանկապարտեզների վերանորոգումը չանենք, դուք ասեք։ Եթե ժողովուրդն ասում է՝ եկեք կարմիր գծերը հանենք, ասում եմ՝ խնդիր չկա, բայց քաղաքային բյուջեից էսքան գումար պակասեց, այսքան մանկապարտեզ քիչ ենք վերանորոգելու»
Հետաքրքիր է, որ եթե մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսված բյուջեն կրճատվում է, իսկ օրինակ, պարգևատրումների բյուջեն մնում է նույնը՝ ո՞ւր են գնացել և գնում կարմիր գծերից ստացված գումարները: Ի վերջո, եթե քաղաքապետարանը չի ցանկանում ընդառաջել քաղաքացիների պահանջին և հանել այդ գծերը, ապա պարտավոր է բացատրել՝ ինչպե՞ս է ստացվում, որ պահեցինք դրանք մանկապարտեզները վերանորոգելու նպատակով, իսկ այսօր մանկապարտեզների վերանորոգմանն ուղղված բյուջեն կրճատվում է: