Խուզարկվել է Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը. ՀՔԾ-ից հաստատում են
ԻրավունքՆախօրեին խուզարկություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնքվել է։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նշեց՝ գործողությունը կատարվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը՝ հայտնի չէ։
Ըստ տեղեկությունների՝ արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը անակնկալի է եկել՝ աշխատասենյակ մուտք գործել չկարողանալու հետևանքով։ Փորձեցինք կապ հաստատել նաև Դավիթ Գրիգորյանի աշխատակազմի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում էր կայացրել, և վերջինս գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Դատավորի այս որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչ էր հնչեցրել, ինչը կատարվեց վաղ առավոտյան։ Այնուհետև վարչապետը հայտարարեց դատական համակարգը վեթինգի ենթարկելու մասին, և դատելով այս գործընթացներից՝ կարելի է ենթադրել, որ այս գործողությունները դրա շրջանակում են։