«Համաճարակի հետ «հանաք» չեն անում․ երաշխիք չկա, որ մեր երեխաները չեն վարակվի տուբերկուլոզով»
ՀասարակությունՕրեր առաջ հայտնի դարձավ Երևանի կենդանաբանական այգում կենդանու հերթական անկման մասին. պարզվեց՝ ուղտի անկման պատճառը վարակիչ տուբերկուլոզն է, որի նկատմամբ զգայուն են կենդանիները և մարդիկ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչության պետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով հիվանդության և ուղտի անկման դեպքի հետևանքով կենդանաբանական այգու ժամանակավոր չգործելուն։
«Պատշաճ գործողություններ պիտի արվեր, բայց չի արվել։ Որոշ ժամանակ հետո գործը քնելու է, այլ խնդիր է առաջանալու, ուրիշ կենդանի է սատկելու, եթե այսօր այդ խնդիրը չլուծենք։ Տուբերկուլոզի հարուցիչի նկատմամբ զգայուն են ոչ միայն կանթնասունները, այլև սողունները։ Բոլոր կենդանիները հսկողության տակ պետք է վերցվեն, պարզեն կա՞ հարուցիչ, թե ոչ։ Համաճարակի հետ հանաք չեն անում, չի կարելի օդի մեջ թողնել։ Մեկ տարուց ավել է խնդիրը կա, ամենայն հավանականությամբ եղել է շատ ավելի վաղ, պարզապես, արտահայտվեց ավելի ուշ։ Մեր երեխաները գնալու են կենդանաբանական այգի և պոտենցիալ վտանգի առաջ են կանգնելու։ Որևէ երաշխիք չկա, որ չեն վարակվի։ Լուրջ հսկողական, համաճարակաբանական աշխատանք պետք է տարվեր։ Ո՞րն է երաշխիքը, որ տուբերկուլոզի հարուցիչն ամբողջ կենդանաբանական այգում չի տարածվել»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ համապատասխան մարմինները կանդրադառնան խնդրին։
Նա հարցեր բարձրացրեց՝ ի՞նչ ճակատագիր է ունեցել անկած ուղտը, 2-րդ ուղտին ի՞նչ է սպասվում․ «Հետաքրքիր է այդ կենդանիներին մորթո՞ւմ են, թե՞ թաղում։ Ի՞նչ է՝ կենդանաբանական այգին անասունների գերեզմանո՞ց է։ Հետաքրքիր է, թե նախկինում ի՞նչ են արել հիվանդ կենդանիներին»,- նշեց Վարդանյանը։
Ըստ նրա՝ իրականությունն այն է, որ կենդանաբանական այգին, որպես անասնահամաճարակային նշանակության օբյեկտ, տուբերկուլոզի օջախ է, որտեղ հիվանդությունը, որպես ծխացող վարակ, պարբերաբար կդրսևորվի, քանի դեռ պատկան մարմինները չեն զբաղվում դրանով և չեն տալիս շատ հարցերի պատասխաններ։
Սոնա Հարությունյան