Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
ԲլոգոսֆերաԱԺ փոխնախագան Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:
Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:
Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:
Հիշեցնենք, որ NEWS.am կայքն այսօր հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում մասնավորապես ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»: