«Ադրբեջանցիները Գորիս-Կապանի անցակետի մոտ բենզալցակայան են կառուցում»
ՀասարակությունԳորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցիները հարակից տարածքում շինարարություն են իրականացնում, հավանաբար, բենզալցակայան են կառուցում։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Քոչարյանը։
«Տարածքով անցնողներն անզեն աչքով կարող են տեսնել, որ մեծ շինարարություն է գնում։ Նոր կառույցներ են սարքում, եղածները՝ վերանորոգում։ Բենզալցակայանը սարքում են 30 տարվա մեր պապական տարածքում, որը GPS-ով իրենց է բաժին հասել։ Այն հողատարածքը ժամանակին ինձ էր պատկանում։ Այն որդուս սարքած տարածքն էր, որտեղ նախկինում ևս լցակայան է եղել, ադրբեջանցիներն ավելի են մեծացրել, թե ինչի՞ ու ո՞ւմ համար՝ չեմ կարող ասել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նշված տարածքն անմիջապես ճանապարհի հարևանությամբ է գտնվում։
Փոխքաղաքապետը ևս նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելու համար քաղաքացիները ստիպված են սպասել 2 ժամ մինչև շարասյուն կկազմվի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կկարողանան երթևեկել․ «ԱԱԾ աշխատակիցները, անվտանգությունից ելնելով, կանգնեցնում են Որոտանի հատվածով անցնող հայկական մեքենաները, շարասյուն սարքում, որպեսզի ռուս սահմանապահների ուղեկցությամբ մեքենաներն անվտանգ մի կետից մյուսը շարժվեն։ Իհարկե, մարդիկ կդժգոհեն 2 ժամ սպասելուց, բայց այլ տարբերակ չկա։ Չի բացառվում, որ ադրբեջանցիները վաղը մեզ էլ կանգնեցնեն և փող գանձեն ճանապարհն անցնելու համար, ինչպես անում են իրանցիներից»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիները կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում և հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ Երկու շաբաթ առաջ էլ ադրբեջանցիները կանգնեցրել էին «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող միկրոավտոբուսը, դաշույնով մաքրել ավտոբուսի վրա փակցված Արցախի Հանրապետության դրոշը պատկերող պիտակը:
Սոնա Հարությունյան