Ձերբակալվել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը
Քաղաքական«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սևանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին «Միասնական Վարդենիս» դաշինքից։
Փոխանցեցին նաև, որ Քննչական կոմիտեն Արամ Հարությունյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
Նրանց խոսքով՝ Հարությունյանի ձերբակալությունը հաջորդել է Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքների կոալիցիա կազմելու մասին հայտարարությանը։ Իսկ ձերբակալությունը կապված է նախկինում հարուցված քրեական գործով։
Նշենք, որ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 16.51 տոկոս, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37.76 տոկոս։ Եվ ընտրությունների արդյունքում ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չկարողացավ տեղական իշխանություն ձևավորել:
Ավելի ուշ, հայտարարություն տարածեց նաև «Միասնական Վարդենիս» դաշինքը․ «Վարդենիս խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում 12 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 10՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, 5՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը: Ելնելով արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել: