Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջադրանքներն, ամեն դեպքում, կկատարվեն. Պուտինը` Մակրոնին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին բացատրություններ է տվել Կիևի պետական քաղաքականության մեջ նեոնացիստների նշանակալի դերի մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը հանգամանորեն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի` ֆրանսիացիներին ուղղված երեկվա ուղերձը<...>՝ չհամաձայնելով հնչեցված բազմաթիվ թեզերի հետ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Էմանուել Մակրոնի հայտարարությանը, ով սուտ է անվանել այն, որ Ռուսաստանն Ուկրաինայում պայքարում է նացիզմի դեմ»,- ասվում է հաղորդագրությունում։
«Այդ կապակցությամբ հիմնավորված բացատրություններ են տրվել Կիևի պետական քաղաքականության մեջ նեոնացիստների նշանակալի դերի մասին»,- հավելել են Կրեմլում։ Նշվել է նաև, որ Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանը «մտադիր է շարունակել անզիջում պայքարը ազգայնական զինված խմբավորումների զինյալների դեմ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարում, այդ թվում՝ բնակելի թաղամասերում զինտեխնիկա տեղադրելը և քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը»։
Կրեմլը հավելել է, որ Պուտինը Մակրոնի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ նրա ուղերձում «ոչ մի բառ չի ասվում Ուկրաինայի ղեկավարության կողմից 7 տարվա ընթացքում Մինսկի համաձայնագրերի նկատմամբ սաբոտաժի մասին, ոչ էլ այն մասին, որ արևմտյան երկրները և հենց ինքը` Ֆրանսիան, բացարձակապես ոչինչ չեն արել` ստիպելու Կիևին կատարել դրանք։
Ըստ հաղորդագրության՝ Պուտինը կրկին հանգամանորեն ներկայացրել է հիմնարար մոտեցումներն ու պայմանները Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների համատեքստում և հաստատել, որ խոսքը, առաջին հերթին, Ուկրաինայի ապառազմականացման և չեզոք կարգավիճակի մասին է, որպեսզի իր տարածքից Ռուսաստանի Դաշնության համար երբեք սպառնալիք չլինի:
«Ընդգծվել է, որ հատուկ ռազմական գործողության առաջադրանքներն, ամեն դեպքում, կկատարվեն, իսկ բանակցությունները ձգձգելով ժամանակ շահելու փորձերը միայն կհանգեցնեն մեր բանակցային դիրքերում Կիևի նկատմամբ լրացուցիչ պահանջների», - եզրափակել է Կրեմլը։