Ով էր դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողը. մանրամասներ
ՀասարակությունԱլբերտը հարգված և հավասարակշռված տղա էր։ Համայնքում բոլորը սիրում էին նրան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արտաշատի Վարդաշեն համայնքի ղեկավար Գևորգ Բարխոսյանը՝ ներկայացնելով մարտական հենակետում երեկ՝ մարտի 16-ին, ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված Ալբերտ Սիրոյանին:
Ալբերտը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր: Նա բանակ էր զորակոչվել 2020թ.-ի դեկտեմբերին, ծառայում էր Սյունիքի մարզում։
Համայնքապետն ասաց՝ Ալբերտը ընտանիքում միակ զավակը չէր, ունի մեկ ավագ քույր.
«Ալբերտի հայրը, դեռ երիտասարդ տարիքում է հեռացել կյանքից՝ ծանր հիվանդության պատճառով: Իրենց ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում»,- ցավով ընդգծեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լեւոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ նախնական տվյալներով, Ալբերտ Սիրոյանը վնասվածքը ստացել է Սյունիքի մարզում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։ Նա Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։