Պատերազմական Ուկրաինայում ապրող հայ դպրոցականները և ուսանողները ստիպված կլինեն սովորել նաև ապաստարաններում. պաշտոնյա
ՀասարակությունՌուս-ուկրաինական պատերազմը վերջին շրջանում նոր թափով է ահագնանում․ Կիևը հակահարձակողական գործողություններ է նախաձեռնում, Ռուսաստանը հայտարարում դրանք հաջողությամբ չեզոքացնելու մասին, արդյունքում՝ նոր զոհեր, ավերածություններ, արյունահեղություն։ Ի՞նչ վիճակ է այս պահին Ուկրաինայում, և ի՞նչ խնդիրներ, դժվարություններ, այդ թվում՝ ուսումնական նոր տարվա մեկնարկին, ունեն այնտեղ ապրող մեր հայրենակիցները։
«Իրավիճակն Ուկրաինայում մնում է չափազանց լարված, հատկապես Ռուսաստանին սահմանակից մարզերում: Այնուամենայնիվ, այսօր Ուկրաինայում մեկնարկում է նոր ուսումնական տարին: Այն շրջաններում, որոնք ենթարկվում են ինտենսիվ հրետակոծության, ուսուցումն իրականացվելու է բացառապես առցանց ձևաչափով: Իսկ այն շրջաններում, որտեղ իրավիճակը համեմատաբար կայուն է, ուսումնական հաստատությունները կգործեն առկա և խառը ձևաչափով, եթե տվյալ հաստատություններում առկա են թաքստոցներ»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար Համլետ Հովհաննիսյանը։
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե կոնկրետ ինչ խնդիրներ ունեն Ուկրաինայի հայ համայնքի դպրոցականները և ուսանողները։ Հովհաննիսյանի խոսքով, ուկրաինահայ երեխաներն ու ուսանողները ունեն նույն խնդիրները, իսկ ուսումնառությունը շարունակում են նույն պայմաններով, որն ընդունված է իրենց քաղաքների համար:
«Պետք է նշել, որ սեպտեմբերից նաև իրենց գործունեությունն են վերսկսում Ուկրաինայի հայկական կրթամշակութային կենտրոնները: Խարկովի Հենրիկ Ալթունյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնը նույնպես վերսկսում է իր աշխատանքները, սակայն, այժմ բացառապես առցանց ձևաչափով: Մշակույթի կենտրոնի գործունեությունը մշտապես գտնվում է Խարկովի Պատվավոր հյուպատոսության ուշադրության կենտրոնում: Կան նաև ուսանողներ, որոնք իրենց ուսուցումը տեղափոխել են և շարունակելու են այն եվրոպական երկրներում»:
Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավարը հավելեց նաև, որ պատերազմի հետևանքով Խարկովի մարզում հիմնովին փլուզվել է 21 և վնասվել 210 դպրոց:
Արա Ալոյան