Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել կատարել Միջազգային դատարանի վճիռները
ԱրցախՖրանսիան ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ֆրանսիան լիովին աջակցում է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի (Ժոզեպ Բորել-խմբ.) հուլիսի 26-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ իրականացնել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճռում նշված ժամանակավոր միջոցները, որոնք պարտադիր են։ Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը»,– ասվում է հաղորդագրությունում։