Բեմն այն հարթակն է, որտեղից ես կարողանում եմ «թռչել». Շողեր Գրիգորյան (ֆոտո)
Այլ
Ladynews.am-ի հյուրասրահում է դերասանուհի Շողեր Գրիգորյանը:
-Ի՞նչ է քեզ համար դերասանությունն առաջին հերթին` մասնագիտությո՞ւն, թե՞…
-Մասնագիտությունս, ինչքան էլ' ես չէի ուզենա , ինձ համար մասնագիտությունից վերաճել է կենսակերպի: Իմ լավագույն ծանոթություններն այս ոլորտում են տեղի ունենում, իմ երազանքներն այս դաշտում են իրականանում: Ու թեպետ ես երկրորդ մասնագիտությամբ աստվածաբան եմ, ու տեսակով նաև հետաքրքրասեր, միշտ ինչ-որ բան ուսումնասիրում եմ, բայց բեմը մնում է այն հարթակը, որտեղից ես կարողանում եմ «թռչել»:
-Շողե´ր, ասում են` կինոյում դերասանը խամաճիկ է, իսկ բեմում` առաջնորդ, համամի՞տ ես, եթե այո, այդ ի՞նչ «իրավունքների գերակայություն» է բեմը տալիս դերասանին, որ կինոն և հեռուստատեսությունը չեն կարող տալ:
-Կարծում եմ` որոշակի ճշմարտություն կա դրանում այն իմաստով, որ կինոյում ամենաորոշիչը մոնտաժն է: Ֆելինին Մաստրոյանիին մի անգամ ասել է. «Նայիր այնպես, ինչպես կնայես մորդ թաղման թափորին», ֆիլմում այդ տեսարանում ընդամենը մի կին է անցնում՝ գեղեցիկ բարեմասնություններով: Իսկ բեմում դերասանն է դրության տերը` հանդիսատեսի արձագանքից կախված, իհարկե, ռեժիսորի տված կոնցեպցիայի մեջ, մենք կարող ենք իմպրովիզացիա անել, լողալ դերի մեջ:

-Որո՞նք են այն դերերը, որոնք երազում ես խաղալ:
-Ես մեծանում եմ, բայց այդ երազանքս չի փոխվում. շատ կուզենամ Կլեոպատրայի դերում ինձ տեսնել ու կարծում եմ' հենց շեքսպիրյան տարբերակում: Ու նաև հայ հերոսուհու փնտրտուքների մեջ եմ, կուզենամ ֆիլմում մի հայուհու մնայուն կերպարով հանդես գալ:
-Ըստ քեզ' ո՞րն է դերասանի ամենամեծ ձգումն իր ստեղծագործական ողջ ճանապարհի ընթացքում:
-Խաղալ… Երեխայի նման , երբ մեր ձեռքի տակ «խաղալիք» կա, մենք շատ բարի ենք ու հաճելի: Ու ինչպես երեխան, սիրո ու ուշադրության կարիք ունենք: Ես չեմ ամաչում ասել դա. մեր այդ կարիքի մեջ պարզություն եմ տեսնում, և դա ինձ հաճելի է:
-Եթե չեմ սխալվում, «Քույրն» առաջին սերիալն է, որում խաղում ես, առաջարկն ինչպե՞ս ստացար և ինչո՞ւ համաձայնեցիր:
-Ես հանդես եմ եկել նաև Մանեից ծայրահեղ տարբեր՝ Սոխակի դերում` «Բանակում» սերիալում, որը նույնպես ինձ համար փորձարարական աշխատանք էր: Մանեի դերը ինձ միանգամից հետաքրքրեց, որովհետև ոչ սովորական աղջիկ էր` ոչ սովորական ճակատագրով: Պետք է խոստովանեմ` հաճույքով եմ աշխատում այդ դերիս վրա:

-Մարմնավորում ես մի աղջկա, ով հոգեկան հիվանդ է, ի՞նչ ես կարծում կերպարիդ հավատո՞ւմ է հեռուստադիտողը, նման կերպար խաղալու համար անհրաժեշտություն չկա՞ հոգեբուժարան այցելելու:
-Ինչ խոսք, սկզբում շատ մտավախություններ ունեի. ինչպես գիտեք, սերիալն արագ ու հապճեպ կինոարտադրություն է, ու ես վախենում էի' այդ ռիթմի մեջ չեմ կարողանա ստեղծել այդ, իսկապես բարդ կերպարը: Բայց մարդիկ ինձ մոտենում են փողոցում, գրկում ու ուրախանում, որ ինձ հետ ամեն ինչ լավ է, ասում են, որ ինձ հետ վերապրում են իմ տառապանքները, ինչը ես չէի ուզենա: Հակառակը, կուզենայի' իմ կերպարը տեսնելով' իրենք գնահատեն իրենց տրված կյանքը: Հոգեբուժարան չեմ այցելել, բայց դերի ուսումնասիրությամբ զբաղվում եմ գրականության միջոցով, համաշխարհային կինոյում էլ հրաշալի դերակատարումներ կան, որոնք հաճույքով դիտում եմ ու սովորում:
Մանրամասն՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում