«Եվրոպան և ԱՄՆ-ն հավատարիմ են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը». Ջեյմս Ուորլիք
Աշխարհ
ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրները շարունակում են համագործակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Այս մասին հերթական գրառումը Twitter-ում արել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք շարունակում ենք աշխատանքը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ` Լեռնային Ղարաբաղում խաղաղության հասնելու համար, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- գրել է Ուորլիքը:
Ավելի վաղ Twitter-ում ամերիկացի համանախագահը մեկ այլ գրություն էր թողել, որտեղ իր գոհունակությունն էր հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Շվեդիան բացում է դեսպանություն Երևանում և Բաքվում: «Եվրոպան և ԱՄՆ-ն հավատարիմ են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»,- նշել էր նա:
Ավելի վաղ Ուորլիքը տեղեկացրել էր, որ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացնում Շվեդիայում: Վերջերս, նա նմանատիպ այց էր կատարել նաեւ Թուրքիա, որը նույնպես ՄԽ անդամ պետություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը (OSCE Minsk Group), որի անդամներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև ԵԱՀԿ եռյակը կազմող երկրները' ռոտացիոն սկզբունքով:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու