«Սևոլի» նավապետը դատապարտվել է 36 տարվա բանտարկության
Աշխարհ
«Սևոլ» լաստանավի հրամանատարը դատապարտվել է 36 տարվա բանտարկության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին հաղորդել է Yonhap գործակալությունը: Այսօր ավելի վաղ մեղադրող կողմը պահանջել էր մահապատժի դատապարտել նավապետին:
Ողբերգությունից արդեն մեկ ամիս անց 69-ամյա նավապետ Լի Չուն Սոկին ու նավի անձնակազմի մի քանի այլ անդամների մեղադրանքներ էին առաջադրվել սպանության մեջ: Հետաքննության վարկածով՝ ուղևորների տարահանումը կազմակերպելու փոխարեն, մեղադրյալները նրանց կարգադրել էին մնալ նավախցերում, իսկ իրենք առաջինների թվում լքել էին նավը:
«Սևոլ» լաստանավը ջրասույզ է եղել այս տարվա ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարևմտյան ափերի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 295 մարդ: Ընդամենը խորտակման պահին նավում եղել է 476 մարդ, ըստ որում ինն ուղևորների մարմինները մինչ օրս չեն գտնվել:
Նախօրյակին որոնողական-փրկարարական գործողության շտաբը որոշում է կայացրել դադարեցնել հետագա ստորջրյա աշխատանքները խորտակված «Սևոլ» լաստանավում: Այդ մասին հայտնել է «Չոսոն իլբո» թերթը: Թերթի տվյալներով՝ մինչ օրս անհայտ համարվող ինն ուղևորների ընտանիքները համաձայնել են իշխանությունների փաստարկներին, որոնք անհնարին են համարում շարունակել փաստորեն սառցե ջրում քայքայվող լաստանավի հետազոտումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու