Դավութօղլուն քննադատել է օտարերկրյա դեսպաններին
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է այդ երկրում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին այն բանի համար, որ վերջիններս մեծ հետաքրքրություն են դրսևորում «Ջումհուրիեթ» թերթի լրագրողներ Ջան Դունդարի և Էրդեմ Գյուլի դեմ բացված դատական գործընթացի նկատմամբ, և դատավարությանը հետևելու համար անգամ գնացել են Ստամբուլի արդարադատության պալատ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ին' նշելով, որ Դավութօղլուն բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ է արել ուշադիր լինել հետաքննության ժամանակ:
Նրա խոսքով' լրագրողների դատաքննության նկատմամբ օտարերկրյա դեսպանների մեծ հետաքրքրությունը կարող է ճնշում գործել և ազդեցություն թողնել հետաքննության վրա, ինչը, ըստ նրա՝ «չի համապատասխանում դիվանագիտական նրբանկատությանն ու պրոֆեսիոնալիզմին»:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս՝ դիմելով դեսպաններին ասել էր. «Ով՞ եք դուք: Դուք ի՞նչ գործ ունեք այնտեղ: Սա ձեր երկիրը չէ, Թուրքիան է»:
«Ջումհուրիեթ» թերթի խմբագիր Ջան Դունդարը և թերթի Անկարայի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլն անցյալ տարի լուրեր և տեսանյութեր էին հրապարակել Սիրիայում ահաբեկիչների համար Թուրքիայի կառավարության կողմից զենք և սպառազինություն փոխադրվելու մասին, ինչի համար Էրդողանի հանձնարարությամբ դատախազությունը նրանց մեղադրել է լրտեսության մեջ և կալանավորել: Միջազգային հանրության ճնշումների տակ մինչև դատական գործընթացի ավարտը լրագրողները պայմանական ազատ են արձակվել: Եթե նրանց դեմ բացված մեղադրանքները հաստատվեն, ապա թուրք լրագրողներին ցմահ ազատազրկման պատիժ է սպասվում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը