Ադրբեջանի ագրեսիայից տուժած դպրոցներում ընթանում են ակտիվ վերականգնողական աշխատանքներ
Աշխարհ
Ադրբեջանական նախահարձակ ռազմագործողություններից և հրետակոծություններից տուժած Արցախի բնակավայրերի դպրոցներում ընթանում են ակտիվ վերականգնողական աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը և ավելացրել, որ ընդհանուր առմամբ հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն ու աշակերտների հաճախումներն բնականոն են:
«Շրջանների կրթության բաժինների պատասխանատուներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մատաղիսի և Ներքին Ճարտարի դպրոցներում հրետակոծություններից ջարդված ապակիների ու դռների՝ նորերով փոխարինելու աշխատանքներն են տարվում: Արդեն ավարտվել են Մարտակերտի N 1 դպրոցի վերականգնման աշխատանքները, և այնտեղ արդեն ընթանում են դասեր»,- ասել է Մ. Համբարձումյանը:
ԼՂՀ ԿԳՍ փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում կարգավորվել է նաև ժամանակավորապես տարհանված բնակավայրերի երեխաներին հանրապետության այլ կրթօջախներում տեղավորելու, նրանց դասագրքերով ու գրենական պիտույքներով ապահովելու խնդիրը:
Մ. Համբարձումյանի հավաստմամբ, նման տեմպերով դասերը շարունակելու դեպքում, ուսումնական ծրագրերն ավարտին կհասցվեն ըստ հաստատված ժամանակացույցի:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը