«Ժողովուրդ». Մանրամասներ Արարատ Միրզոյան-«Իմ քայլը» հանդիպումից
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռեւս ապաքինվում է, աչքի հետ կապված խնդիրները չեն վերացել, այնուամենայնիվ, նա վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները կատարելու համար:
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, զրուցել ու տարբեր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին իմքայլականների եւ Արարատ Միրզոյանի միջեւ կայացած հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները նախ փորձել են Միրզոյանից հետաքրքրվել նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի մասին, թե ինչու իրենց տեղյակ չեն պահել, ինչու են անակնկալ նման փաստաթուղթ ստորագրել:
Միրզոյանը պատգամավորներին ասել է, որ ուղղակի ժամանակ չեն ունեցել հանդիպման հրավիրել ու իրականության մասին խոսել, որոշումը կայացվել է հապշտապ, ինչի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի տարածքների վերաբերյալ նման համաձայնագիր է ստորագրել: Արարատ Միրզոյանից պատգամավորները հետաքրքրվել են՝ ինչ է կարծում, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի արդյոք։
Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձեւով Փաշինյանի կողքին է լինելու, քանի որ իրեն վարչապետի զինվորն է համարում, որը պարտավոր է ցանկացած պարագայում հրամանատարի կողքին կանգնել»: