«Փաստ». Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին ակտիվացնում է իր ներքաղաքական շփումները, եւ նշյալ հանդիպումը միակը չի լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը հանդիպումների շարքի մասին է. նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների, ինչպես նաեւ տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
Թե ինչ հարցեր են քննարկվում ու քննարկվելու պաշտոնական օրակարգից դուրս, դժվար է ասել, սակայն, ըստ ամենայնի, խոսքը թե՛ ռազմագերիների, թե՛ տարածաշրջանային վերադասավորումների եւ թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին է»: