Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Համաշխարհային ՄամուլԷստոնացի եվրախորհրդարանական Ժակ Մեդիսոնը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփին առաջադրել է այն բանի համար, որ վերջին 30 տարվա ընթացքում նա ԱՄՆ առաջին նախագահն է, որի ծառայության ընթացքում իր գլխավորած երկիրը պատերազմներ չի սկսել: «Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում կնքվեցին մի շարք խաղաղության պայմանագրեր, որոնք օգնեցին տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել», - գրել է Մեդիսոնը Facebook-ի իր էջում: Նա նշել է, որ ինքը միակը չէ, ով առաջադրում է Թրամփին Նոբելյան մրցանակի: «Բայց ինչպես գիտենք, որքան շատ դիմորդներ լինեն, այնքան մեծ են հաջողության հասնելու հնարավորությունները», - ասել է Մեդիսոնը:
Խաղաղության Նոբելյան մրցանակը ամեն տարի շնորհվում է Օսլոյում՝ սկսած 1901 թվականից: Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել տարբեր երկրների ազգային խորհրդարանների և կառավարությունների, միջազգային դատարանների անդամների, համալսարանների ռեկտորների, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկա և նախկին անդամների և խորհրդականների կողմից: