«Իրավունք»․ Փաշինյանը մարզպետներին հրահանգել է ձև գտնել և աշխատանքից ազատել այն տնօրեններին, որոնք այլ ուժի են սատարում
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախված լուրերի, հրահանգել է բոլոր մարզպետներին, որ հետամուտ լինեն և աշխատանքից ազատելու հստակ հիմնավորում գտնեն ազատելու համար այն տնօրեններին և մանկավարժներին, որոնք թեկուզ պարտադրված գալիս են իր քարոզարշավներին, բայց տակից այլ ուժի են սատարում:
Հատկապես նման խնդիրներ են առաջացել Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում այն բանից հետո, երբ նախընտրական հանդիպումներում Նիկոլն աղմկոտ ձախողումներ ունեցավ: Արդյունքում, նա հրահանգել է ամեն ձևերով պարզել և ջրի երես հանել «տակից խաղեր տվողներին»:
Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ նման պահանջը փակուղու առաջ է կանգնեցրել մարզպետներին: Բանն այն է, որ, օրինակ, այլ ուժերի օգտին աշխատող ինչ-որ ուսուցչից ազատվելու համար պետք է, որ դպրոցի տնօրենից տեղեկանա այդ մասին: Բայց ինչպե՞ս, երբ դպրոցի բազում տնօրեններ իրենք են այլ թևի վրա աշխատում՝ օրինակ դառնալով ուսուցիչների համար: Ու մինչ այլ խողովակներով կտեղեկանան, ընտրությունները կավարտվեն»: