«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2 շաբաթ է, ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն, սակայն նա չկա ու չկա։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետի տուն են մտել եւ խուզարկել որդուն գտնելու նպատակով:
Խուզարկության պատճառը հուլիսի 15-ին հնչած կրակոցներն էին Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը:
Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել: Կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, սակայն անցել է երկու շաբաթ, եւ իրավապահները դեռեւս որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել, փոխարենն ակտիվ կերպով կալանքի են տանում Սյունիքի տարբեր համայնքի ղեկավարներին կամ հաշվեհարդար տեսնում նախկին մարզպետի հարազատների հետ»: