4 տարվա ազատազրկման դատապարտված բրիտանացուն 2 օր անց սխալմամբ ազատ են արձակել
ԱյլԱնգլիայում հանցագործը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, սակայն երկու օր անց ազատ է արձակվել, գրում է LADBible-ը։ Շփոթմունքն առաջացել է փաստաթղթում առկա սխալի պատճառով, սակայն տղամարդը չի կարողացել լիարժեք վայելել ազատությունը, նրան վերադարձրել են բանտ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 30-ամյա լոնդոնցի Լաուրաս Մատյուսովասն ազատազրկման է դատապարտվել շանտաժի համար։ Հայտնվելով ազատության մեջ՝ տղամարդը զանգահարել է ընկերներին, ովքեր նրան մեքենայով վերցրել են և տարել տուն։
«Նա նույնիսկ բանտի աշխատակիցների հետ է պարզաբանել այս հարցը, բայց նրան ասել են, որ ամեն ինչ կարգին է, պարզապես երբեմն պետք է գալ և գրանցվել: Խենթություն է, նա կարող էր ինքնաթիռ նստել և լքել Մեծ Բրիտանիան»,- ասել է Լաուրասի ընկերը:
Ճիշտ է, վեց օր անց ոստիկանությունը հասկացավ, որ սխալ է թույլ տվել, ուստի Մատյուսովասը կրկին բանտում հայտնվեց։ Դեպքի առթիվ ծառայողական քննություն կանցկացվի։
«Սխալ ազատ արձակումները չափազանց հազվադեպ են, բայց մենք այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում։ Բանտարկյալն արդեն վերադարձել է բանտ»,- ասված է հաղորդագրությունում։