«Սա վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ հարվածն է ռուսական բանակին». Զելենսկի
Աշխարհ«Մեր զինված ուժերն անում են ամեն ինչ, որպեսզի թշնամուն զրկեն Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու ամեն ցանկությունից։ Ռուսական զորքերի կորուստները հսկայական են. 17-րդ օրը նրանց կորուստների դինամիկան արդեն այնպիսին է, որ կարելի է վստահորեն ասել՝ սա վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ հարվածն է ռուսական բանակին։ Նրանք այսքան օրերի ընթացքում այլ տեղ չեն պարտվել»: Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 12-ին, տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով` 16 օրվա ընթացքում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական բանակի 31 գումարտակային-մարտավարական խումբ կորցրել է մարտունակությունը, ոչնչացվել է ավելի քան 360 տանկ, 1205 զրահամեքենա, մոտ 60 ինքնաթիռ և 80 ուղղաթիռ։
«Ռուս զինվորականները հանձնվում են ոչ միայն մենակ, այլ ամբողջ խմբերով։ Նրանք խմբերով փորձում են Ուկրաինայի տարածքից տուն գնալ՝ Ռուսաստան։ ՌԴ ԶՈւ-ի կորուստները տեխնիկական հնարավորություններով ուղղակի ապշեցուցիչ են: Ավելի քան 360 տանկ»,- ասել է Զելենսկին։