Թուրքիայի արտգործնախարարը մարտի 16-ին կայցելի Մոսկվա
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 16-ին կայցելի Մոսկվա՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններ վարելու, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հանդիպման ընթացքում կհամաժամացվեն ժամացույցները Ուկրաինայի, Անդրկովկասի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ «նախարարները կարծիքներ կփոխանակեն ներուկրաինական ճգնաժամի ներկա իրավիճակի շուրջ»։
«Ռուսական կողմը թուրք գործընկերներին կտեղեկացնի Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի և խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի մասին, ներառյալ հումանիտար միջանցքների ստեղծումը և օտարերկրյա քաղաքացիների տարհանումը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նախարարները կմշակեն Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձևաչափով հաջորդ եռակողմ գագաթնաժողովի ժամկետներն ու բովանդակությունը, որը պետք է անցկացվի այս տարի, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն նաև լիբիական խնդիրը՝ «կենտրոնանալով ուղիներ գտնելու վրա՝ հետագա համապարփակ քաղաքական երկխոսություն հաստատելու և Լիբիայի սոցիալ-տնտեսական և սոցիալական կյանքը խաղաղ, կայուն հուն վերադարձնելու համար»:
«Նախատեսվում է մանրամասն մշակել Անդրկովկասյան տարածաշրջանում համագործակցության խորացման, տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման, հետկոնֆլիկտային վերակառուցման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում լուրջ ուշադրություն կդարձվի պատժամիջոցների աճի պայմաններում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության, տիեզերական հետազոտության և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հարցերի քննարկմանը»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Բանակցությունների ընթացքում կանդրադառնան այնպիսի փոխշահավետ նախագծերի շուրջ համատեղ աշխատանքին, ինչպիսիք են «Աքքույու» ատոմակայանի կառուցումը և «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը։