ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ փոխադարձ դիվանագիտական ներկայությունը. Պետքարտուղարություն
ԱշխարհՊետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ ԱՄՆ-ը կցանկանար պահպանել փոխադարձ դիվանագիտական ներկայությունը Ռուսաստանի հետ և բաց պահել հաղորդակցության ուղիները։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ձգտում ենք բաց պահել հաղորդակցության ուղիները, մենք ձգտում ենք պահպանել դիվանագիտական ներկայությունը Մոսկվայում։ Մենք նաև հավատարիմ ենք ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայության պահպանմանը»,- ասել է Փրայսը:
Նա նշել է, որ լարվածության և հակամարտությունների ժամանակ հատկապես կարևոր է շփման ուղիների պահպանումը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հանձնել ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին՝ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված վերջին հայտարարությունների կապակցությամբ։
Բացի այդ, Սալիվանին զգուշացրել են, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկված թշնամական գործողությունները վճռական և հաստատակամ պատասխան կստանան։ Բարձրացվել է նաև ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների նորմալ աշխատանքային պայմանների ապահովման հարցը՝ «ներառյալ դրանց անխափան գործունեության երաշխիքները», հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։