Փոփոխություններ Հայաստանում, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականին
ՀասարակությունՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հակիրճ անդրադարձել է ոլորտային մի քանի փոփոխության, որոնք կգործեն այս տարվանից։
Հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացվել է՝ 68,000 ՀՀ դրամից 75,000 ՀՀ դրամ։
Հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը։ Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան խնամքի նպաստ՝ անկախ հաշվառման վայրից։
Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերափոխի հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։
Հոկտեմբերի 1-ից գործարկվելու է ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգը․ ըստ այդմ կվերանայվեն գնահատման բնութագրիչները, կհստակեցվեն ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը, կներդրվեն աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։