ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը
ԱշխարհԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան, իսկ այնտեղ գտնվողներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, լքել երկիրը։ Պատաճառը հարկադիր մոբիլիզացիան է, կալանավորումներն ու ձերբակալությունների վտանգը։ Դեսպանատունը նախազգուշացրել է, որ սահմանափակ հնարավորություններ ունի ԱՄՆ քաղաքացիներին օգնելու և Ռուսաստանից նրանց թռիչքը կազմակերպելու հարցում, գրում է Forbes-ը։
Միացյալ Նահանգների քաղաքացիները չպետք է պլանավորեն մեկնել Ռուսաստան, իսկ երկրում գտնվողները պետք է շտապ հեռանան, զգուշացրել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը։ Դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել երկքաղաքացիներին ԱՄՆ քաղաքացի ճանաչելուց, զրկել հյուպատոսական օգնությունից, մոբիլիզացիայի ենթարկել և զորակոչել զինվորական ծառայության, ինչպես նաև թույլ չտալ նրանց հեռանալ երկրից։
«Եթե ցանկանում եք հեռանալ Ռուսաստանից, պետք է հնարավորինս շուտ ինքնուրույն քայլեր ձեռնարկեք։ ԱՄՆ դեսպանատունը խիստ սահմանափակումներ ունի՝ օգնելու ԱՄՆ քաղաքացիներին լքել երկիրը, և փոխադրման տարբերակները կարող են հանկարծակիորեն էլ ավելի սահմանափակվել», - զգուշացրել են դեսպանատանը: