Իրանն Ուկրաինայի ու Իսրայելի ընդհանուր թշնամին է. Զելենսկին՝ Իսրայելի ԱԳ նախարարին
Աշխարհ«Հենց նոր ավարտվեց նախագահ Զելենսկու հետ կարևոր հանդիպումը։ Նրա հետ զրույցում ես շեշտեցի, որ Իսրայելը միանշանակ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև համաձայնեցինք, որ Իրանի ահաբեկչական գործունեությունը Ուկրաինայում արժանի է խստագույնս դատապարտման և պետք է հանգեցնի գործնական քայլերի համաշխարհային հանրության կողմից։ Ես նաև խոստացել եմ, որ Իսրայելը կընդլայնի օգնությունը և կմասնակցի Ուկրաինայի վերակառուցմանը պատերազմից հետո»,- Զելենսկու հետ հանդիպումից հետո Twitter-ի իր էջում գրել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը։
Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ «Իրանը Ուկրաինայի և Իսրայելի ընդհանուր թշնամին է»։ Նա անդրադարձել է նաև այլ հարցերի։ Մասնավորապես, նա խնդրել է մեծացնել աշխատանքային վիզաների թիվը Ուկրաինայի քաղաքացիների համար Իսրայելում և Ուկրաինայի զինված ուժերի վիրավոր զինվորներին տանելու հրեական պետություն բուժման և վերականգնման համար։ Զելենսկին նաև խնդրել է իսրայելական կողմին պաշտպանական զենք մատակարարել։
Էլի Քոհենն Իսրայելի կառավարության առաջին պաշտոնյան է, ով այցելել է Կիև՝ Ռուսաստանի լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Նրա այցն Ուկրաինա ընդհանուր առմամբ տևել է մոտ 12 ժամ։ Բացի Զելենսկու և Կուլեբայի հետ հանդիպումներից՝ Քոհենն այցելել է Բաբին Յար հուշահամալիր և Բուչա քաղաք, որը լրջորեն տուժել է պատերազմի արդյունքում։