Նեթանյահուն ցուցարարներին հիշեցրել է, որ Իսրայելում ճանապարհներ փակելն արգելված է
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների ֆոնին քննադատել է իր նախորդին՝ խորհրդարանական ընդդիմության ներկայիս առաջնորդ Յաիր Լապիդին, գրում է The Times of Israel-ը։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը հրաժարվում է կառավարության առաջարկած օրինագծի շուրջ երկխոսությունից եւ փորձում է հասնել նոր ընտրությունների։
«Նա [Լապիդը] ցանկանում է հրահրել կառավարման ճգնաժամ, ես կասեի՝ սահմանադրական ճգնաժամ՝ այդպիսով ստանալով նոր ընտրություններ։ Ժամանակն է վերջ տալ անարխիային»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը դատապարտել է ոստիկաններին ընդդիմացող ցուցարարներին։ Նա նաեւ հավելել է, որ երկրում արգելված է ոչ միայն իրավապահների վրա հարձակում գործել, այլ նաև ճանապարհներ փակել։
Ընդ որում, ինչպես գրում է The Times of Israel-ը, ոստիկանների ու ցուցարարների բախումների արդյունքում առնվազն 11 մարդ վիրավորվել է։ Պարբերականն ընդգծում է, որ բողոքի ակցիաները կազմակերպվել են իսրայելական ընդդիմության կողմից եւ ընթանում են ոչ միայն Թել Ավիվում, այլեւ երկրի այլ խոշոր քաղաքներում։