Ալիևը կոչ է արել Ֆրանսիային «ներողություն խնդրել»
ԱշխարհՆոր աշխարհակարգը վերափոխման գործընթացում է։ Ամբողջ աշխարհն այժմ ականատես է լինում Սառը պատերազմի ավարտից ի վեր Արևելքի և Արևմուտքի ամենալուրջ առճակատմանը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում՝ COVID-19-ի դեմ պայքարի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Ալիևը Բաքվում ընթացող գագաթնաժողովի ժամանակ նշել է, որ այս առճակատման հետեւանքները զգացվում են մնացած աշխարհի համար։
Նա նաև Ֆրանսիային կոչ է արել «ներողություն խնդրել գաղութատիրական հանցագործությունների համար»: «Չմիացած երկրների շարժումը մշտապես վճռորոշ կերպով աջակցել է Մայոտա կղզու նկատմամբ Կոմորյան կղզիների Միության անվիճելի ինքնիշխանությանը, որն այսօր էլ Ֆրանսիայի գաղութատիրության տակ է գտնվում: Կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովային տարածքների ու համայնքների մյուս ժողովուրդների իրավունքները»,- հայտարարել է Ալիևը:
Նա «ֆրանսիական գաղութատիրության զզվելի մնացորդներ» է անվանել Եվրոպայից դուրս Ֆրանսիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները, կոչ արել Ֆրանսիային ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձնել «գաղութատիրական անցյալի, Չմիացած երկրների շարժման՝ Աֆրիկայում, հարավարևելյան Ասիայում և այլ տարածաշրջաններում գտնվող անդամ-երկրների դեմ ուղղված արյունալի գաղութատիրական հանցագործությունների, ցեղասպան գործողությունների համար»: