ՄԱԿ-ում երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը գնահատել են ավելի քան 100 միլիարդ դոլար
ԱշխարհՓետրվարին տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը:
Այս մասին ճեպազրույցում ասել է Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Լուիզ Վինթոնը։
«Մինչ օրս կատարված հաշվարկներից պարզ է, որ վնասի գնահատումները, որոնք ներկայացված են կառավարության կողմից, և որին հավանություն են տվել միջազգային գործընկերները, կգերազանցեն 100 միլիարդ դոլարը», - ասել է Վինթոնը՝ տեսակապով հանդես գալով Թուրքիայի Գազիանթեփից։
Նա Թուրքիայի ամենավատ տուժած Հաթայ նահանգում ստեղծված իրավիճակը «ապոկալիպտիկ» է անվանել՝ ասելով, որ հարյուր հազարավոր տներ ավերվել են: «Կարիքները հսկայական են, բայց ռեսուրսները՝ սակավ»,- հավելել է պաշտոնյան։
Ավելի վաղ Համաշխարհային բանկը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել էր 34,2 մլրդ դոլար, այդ գումարը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։
Հիշեցնենք, որ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը։