Իտալիայի վարչապետը կայցելի Իսրայել
ԱշխարհԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Եգիպտոսում կազմակերպված պաղեստինյան հարցով գագաթնաժողովին մասնակցելուց հետո պատրաստվում է մեկնել Իսրայել։ Իտալական Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ Մելոնին ծրագրում է հանդիպել իր գործընկեր Բենիամին Նեթանյահուի հետ։
Եգիպտոսի մայրաքաղաքում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Գազայի հատվածում տիրող իրավիճակին նվիրված միջազգային գագաթնաժողով կանցկացվի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն արդեն հաստատել է իր մասնակցությունը միջոցառմանը։
Բացի այդ, ըստ Al-Qahera al-Ihbariya հեռուստաալիքի, նախատեսվում է Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մի քանի երկրների ղեկավարների ժամանումը Կահիրե։ Դրանց թվում են Իտալիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և այլ ղեկավարներ։
Հոկտեմբերի 20-ին Reuters-ը հայտնել էր, որ գագաթնաժողովին մեկնելու է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը: