Հարվածներից հետո Հալեպի և Դամասկոսի օդանավակայանների չվերթները տեղափոխվել են Լաթաքիայի օդանավակայան
ԱշխարհՍիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ի առավոտյան Իսրայելի ագրեսիայից հետո, որն ուղղված էր Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների դեմ, ինչի հետևանքով դրանք շարքից դուրս են եկել , Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններում բոլոր կանոնավոր չվերթները (ժամանում և մեկնում) կտեղափոխվեն Լաթաքիայի միջազգային օդանավակայան:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով SANA-ն, իր Telegram-ալիքի հայտարարության մեջ նախարարությունը կոչ է արել ճանապարհորդներին համակարգել իրենց հարցերը ավիաընկերությունների հետ, քանի որ թռիչքների վերաբերյալ թարմացումները, ներառյալ՝ ժամանակացույցի փոփոխությունները, ժամանման կետերը և չեղարկումները, կհրապարակվեն հետագայում:
Ըստ աղբյուրի՝ Սիրիայի տրանսպորտի նախարարությունը սգում Է Դամասկոսի միջազգային օդանավակայանի օդերևութաբանության բաժնի քաղաքացիական ծառայող Օմար Աբու Իսայի մահը, ով դարձել է ագրեսիայի զոհը՝ ցավակցություն հայտնելով նրա ընտանիքին: Նախարարությունը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել հարձակման հետևանքով մեկ տուժածին: