Շտապօգնության մեքենան չէր կարողանում մոտենալ․ ինձ գրկած տեղափոխեցին վրան․ news.am-ի օպերատորը՝ իր վնասվածքների մասին
ԱշխարհԱԺ-ի դիմաց այսօր՝ հունիսի 12-ին ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով news.am-ի օպերատոր Վազգեն Եթումյանը վնասվածքներ է ստացել ձեռքերի և ոտքի շրջանում։ Նա այժմ «Հերացի» Թիվ 1 հիվանդանոցային համալիրում է, որտեղ հետազոտվում է։ Նա պատմել է, թե ինչպես է ստացել վնասվածքները։
«Առաջին լուսաձայնային նռնակի պայթելուց հետո սկսեցինք փախչել դեպի Սիրահարների այգի, որտեղ ևս մեկ լուսաձայնային նռնակ նետեցին փախչող մարդկանց ուղղությամբ։ Այդ ժամանակ ես ստացա վնասվածքներ։ Առաջին օգնությունն ինձ ցուցաբերեցին քաղաքացիները։ Շտապօգնությունը չէր կարողանում մոտենալ այդ տարածքին։ Ինձ գրկած տեղափոխեցին վրան։ Այնտեղ բժիշկ կար, որն իմ վերքը մշակեց, վիրակապեց։ Ավելի ուշ մոտեցավ շտապօգնության մեքենան ու ինձ տեղափոխեցին հիվանդանոց»,- պատմել է Վազգեն Եթումյանը։