34-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին են զանգահարել «Եղվարդի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Եղվարդ քաղաքի «Գնացքի գծերի մոտ նեֆտո բազա» աշխատանքի վայրում, դիզվառելիքով այրվելու հետևանքով «մարմնի տարբեր մասերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ գործնկերները բուժօգնության են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հովհաննես Ե․-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Հովհաննես Ե․-ն նշված մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդ համյանքի Արտադրական հանգույց հասցեում` յուղի տարան էլեկտրական սղոցով կտրելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։