Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում զեկույց ներկայացրեց
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի լսումներն են, որը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը։ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը բխում է հայ ժողովրդի անվտանգության և հայոց պետականության ամրապնդման հրամայականից։
Այս մասին ԱԺ-ում, ներկայացնելով նախագիծը, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Այս նախագծի համար առիթ է հանդիսացել Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումը, որով դատարանը փաստացի արժեզրկել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որին հղում կա Սահմանադրության նախաբանում։ ՍԴ-ն որոշել է, որ հռչակագիրն իրավական ուժ չունի։ Այս հանգամանքը լայն քննարկումների առիթ է դարձել, շատ փորձագետներ և ընդդիմադիրներ կարծում են, որ այդ հատվածը ՍԴ որոշման մեջ ներառվել է ի շահ Ադրբեջանի։ Հայտարարությունում ասվում է, որ անընդունելի են ՀՀ Անկախության մասին հռչակագիրը, հայոց պետականության հիմնարար սկզբունքները նսեմացնելու փորձերը։
Հայտարարության հեղինակները դատապարտում են հռչակագիրը Սահմանադրությանը արհեստական հակադրելու գործողությունները։ Հայտարարության հիմնավորման մեջ ասվում է, որ դրա անհրաժեշտությունը բխում է հայկական պետականության անվտանգության և ամրապնդման նկատառումներից:
Հիշեցնենք` ՄԱԿ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե խաղաղության պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, անհրաժեշտություն կլինի սահմանադրական փոփոխություններ անել խաղաղության հասնելու համար։ Միաժամանակ Փաշինյանը վստահեցրել էր՝ գործող ՀՀ Սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ինչպես պնդում է Ադրբեջանը, ու դա հայկական կողմը կարող է գրավոր հիմնավորումներով ապացուցել բոլոր միջազգային գործընկերներին։
ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ վճռեց, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։