ՀՀ-ն ունի մի իշխանություն, որից պետք է պաշտպանել մեր երկիրը. Կարեն Բեքարյան
ՔաղաքականԲոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ վտանգ էր իր մեջ պարունակում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: Այս մասին «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Դա իր մեջ մարտահրավերներ էր պարունակում՝ սկսած Արցախի սուբյեկտայնությունը տրորելուց, վերջացրած բանակցային գործընթացը խաթարելուց: Սա նաև լուրջ հարված էր բանակցային գործընթացին, սակայն ավելի մեծ հարված էր հայկական կողմի դիրքերին» ,- ընդգծեց Բեքարյանը։ «Հիմա ինչն է ամենահետաքրքիրը. 2022թ-ի նոյեմբերի 11-ին Փաշինյանը հարցազրույց է տալի Հանրային հեռուստաընկերությանը ու երբ հարց է հնչում Վերածննդի հրապարակում արված հայտարարության հետ կապված՝ նա ասում է, թե հենվել է ՀՀ-ի անկախության հռչակագրի վրա» ,- շեշտեց նա ու հավելեց, որ այդ քայլով Փաշինյանը փաստացի ինքնախոստովանություն արեց:
«Մարդը հենվեց Անկախության հռչակագրի վրա, ստեղծեց այդ մեծագույն ռիսկը, ինքնախոստովանություն արեց, դրանից չի անցնում 2 տարի մարդը պնդում է, որ մեր անկախության հռչակագիրը, մասնավորապես Արցախին վերաբերող հատվածը, չունի որևէ իրավական ուժ, առնչություն Սահմանադրության հետ, դրա վրա հենվել հնարավոր չէ» ,- նկատեց նա։
Բեքարյանը հարց է բարձրաձայնում՝ սահմանադրական կարգի խախտումը «պոզով պոչո՞վ է լինում»: Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը խախտում էր սահմանադրական կարգը, երբ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։
«Այսօր մենք հասել ենք այն վիճակին, որ կարիք կա պաշտպանել սեփական երկրի գոյության փաստաթուղթը՝ Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը: Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ ՀՀ-ն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը»,- ասաց Բեքարյանը: