Պետական հեղաշրջում. Օրբելյանն` Անկախության հռչակագրի վերաբերյալ որոշման մասին
ՔաղաքականՍահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումը, որ ՀՀ անկախության մասին հռչակագիրը Սահմանադրության մաս չէ և իրավական ուժ չունի, պետական հեղաշրջում է։ ՀՀ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց իրավաբան Արամ Օրբելյանը:
Նշենք, որ ԱԺ-ում լսումներ են ընթանում՝ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագծի մասին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 26-ին, Սահմանադրական դատարան որոշեց, որ ՀՀ անկախության հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ Այս հանգամանքը լայն քննարկումների առիթ է դարձել, մի շարք փորձագետներ և ընդդիմադիրներ կարծում են, որ այդ հատվածը ՍԴ որոշման մեջ ներառվել է ի շահ Ադրբեջանի։
«Սահմանադրական դատարանն իրավունք ունե՞ր նման որոշում կայացնելու, և այդ որոշումն իրավաչա՞փ էր, իմ պատասխանն է` ոչ։ «ՀՀ սահմանադրական մարմինը» իրականացնում է մի գործընթաց, որի իրավունքը չունի, և դա կոչվում է պետական հեղաշրջում։ Դա քրեորեն պատժելի արարք է ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն 5-6 հոդվածով, հնարավոր է` նաև մեկ տասնյակ, որը պետք է արժանանա համապատասխան գնահատականի»,- ասաց Օրբելյանը։
Իրավապաշտպանն ընդգծեց` սահմանադրական կարգը պետք է վերականգնվի, ոչ թե ասվի, որ այն չի տապալվել։ Օրբելյանը նշեց` դեռևս 2018 թվականի աշնանից պարբերաբար պետական հեղաշրջումներ իրականացնելու փորձ է արվում, սկզբում` ԱԺ-ի, հետո, արդեն` դատարանների 2020 թվականի փոփոխություններով էլ` սահմանադրական դատարանի գրավում։
«Հիմա սահմանադրական հիմքերը խարխլելու փորձ է արվում, այսինքն` Անկախության հռչակագիրը, հետո էլ փորձելու են վերացնել հենց Սահմանադրությունը, ապա որոշելու են, որ վարչապետին անհրաժեշտ է արտակարգ լիազորություններ տալ» ,- շեշտեց Օրբելյանը։