Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձել
ԱշխարհՖիլիպինների փոխնախագահ Սառա Դուտերտեն ասել է, որ մարդասպան է վարձել, որպեսզի սպանի հանրապետության նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերին և նրա կնոջը՝ իր սպանության դեպքում։ Այս մասին հայտնում է GMA News-ը։
Ֆիլիպինների նախագահի գրասենյակը լրջորեն է վերաբերվել այս սպառնալիքին՝ այդ մասին հայտնելով պետության ղեկավարի անվտանգության ծառայությանը։
«Հիմք ընդունելով փոխնախագահի հստակ և միանշանակ հայտարարությունը, որ նա վարձել է մարդասպանի, որպեսզի սպանի նախագահին, եթե իր դեմ ենթադրյալ դավադրությունը հաջողությամբ պսակվի, գործադիր քարտուղարն այդ սպառնալիքը զեկուցել է նախագահի անվտանգությանը՝ անհապաղ և համապատասխան գործողությունների համար: Նախագահի կյանքին սպառնացող ցանկացած վտանգի միշտ պետք է լուրջ վերաբերվել, մանավանդ որ այդ սպառնալիքը հնչել է հրապարակայնորեն՝ հստակ և կոնկրետ ձևով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
«Նախագահի անվտանգության ծառայությունը, գործադիր քարտուղարի հանձնարարականի համաձայն, ուժեղացրել է անվտանգության միջոցառումները: Մենք նաև սերտորեն համակարգում ենք իրավապահ մարմինների հետ աշխատանքը՝ բացահայտելու, կանխելու և պաշտպանելու նախագահի ու նրա ընտանիքի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք», – հայտնել են նախագահի անվտանգության ծառայությունից։
Իր հերթին Ֆիլիպինների ազգային ոստիկանությունը հետաքննություն է սկսել այդ հայտարարության առնչությամբ։