Ուկրաինան կարող է ինքնապաշտպանության նպատակով օգտագործել ֆրանսիական հեռահար հրթիռները. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ԱշխարհՈւկրաինան կարող է ինքնապաշտպանության նպատակով օգտագործել ֆրանսիական հեռահար հրթիռները Ռուսաստանի տարածքում թիրախները խոցելու համար, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն (Jean-Noël Barrot)։
«Սկզբունքը հաստատված է։ Նախագահ Զելենսկուն ուղղված մեր ուղերձները լավ են ընդունվել»,- ասել է նա: Նախարարը, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք ֆրանսիական հրթիռներն արդեն օգտագործվել են Ուկրաինայի կողմից հարձակումների համար։
Բարոյի խոսքով՝ Ուկրաինային աջակցության հարցում «կարմիր գծեր» չկան։ Հարցին, թե արդյոք դա կարող է նշանակել, որ ֆրանսիական զորքերը կմասնակցեն ռազմական գործողություններին, նա պատասխանել է, որ Ֆրանսիան «չի բացառում որևէ տարբերակ»:
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ինտենսիվ և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ինչո՞ւ։ Որովհետև քարտեզի վրա մեր անվտանգությունն է դրված: Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետր առաջ է շարժվում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային»,- ասել է Բարոն: